National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.03.2018
«Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թվականին ազատագրել Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով.

«Համաժողովի հարգելի մասնակիցներ,

հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային կապեր, որի մասին խոսել են հայ անվանի պատմիչ Ստեփանոս Ասողիկը եւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը:

18-րդ դարի սկզբից հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր էջ, որը կապված է Իսրայել Օրու, իսկ այնուհետեւ Հովսեփ Էմինի եւ Շահամիր Շահամիրյանի՝ Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականության վերականգնման ձգտման հետ:

Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռեւս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երեւանով վերականգնելու գաղափարն էր դրված:

Ռուսաստանի պետական շահի եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին:

Հարգելի գործընկերներ,

1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետեւ Հայկական մարզի ստեղծումը կարեւոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով եւ Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ:

Հայերը եւ ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից:

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ մշակութային ուղղություններով եւ բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից:

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am